ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ստեղծագործողը

Ստեղծագործողը
30.11.2012 | 00:01

Իվան ԻԼՅԻՆ

Ստեղծագործողը, ահա թե ով լիակատար իրավունք ունի պահանջելու և ձեռք բերելու ազատություն։ Ազատություն, որպեսզի ոչ մեկը չհանդգնի նրան կարգադրել, որպեսզի երկրի վրա մարդկային և ոչ մի իշխանություն չարգելի նրան ստեղծագործել այնպես, ինչպես Աստված է կամենում։ Ոչ մի արտաքին ցուցմունք չպետք է սահմանափակի նրա հոգևոր հայեցումը, նրան չի կարելի ասել «ստեղծագործիր այսպես» կամ` «մի՛ ստեղծիր սա»։ Նախնական գրաքննությունը խափանում է նրա ոգևորությունը։ Եթե նա բավականաչափ տոգորված է պատասխանատվության զգացումով, ապա կողմնակի որևէ միջամտություն ավելորդ է, քանզի ստեղծագործողի շնորհով օժտված մարդը պատասխանատու է բարձրագույն իշխանության առաջ` ըստ բարձրագույն չափանիշների, Նրանից է ստանում սեփական ուղղվածությունը և Նրան է ենթարկվում, այդ պատճառով էլ նրան պետք է տրվի ստեղծագործ հայեցողության ազատությունը։ Դա ոճրագործության ազատությունը չէ, ոչ էլ` անառակության, գռեհկության, անճաշակության։ Դա ազատ ստեղծագործողի աղոթելու իրավունքն է, Աստծուն գովաբանելու պատասխանատու և խղճմտանքով լի ազատությունը։

Այդպիսի մարդկանց համար հարկավոր է անել ամեն ինչ` ընդլայնելով նմանների երկրային հնարավորություններն ու հեշտացնելով նրանց ստեղծագործելու ընթացքը։ Եթե անհրաժեշտ է ստեղծագործական անդորր, հարկավոր է ապահովել լռության և առօրյա հոգսերի բացակայություն։ Եթե պետք է այդ մարմարե մեծաբեկորը, որպեսզի նա կերտի Միքելանջելոյի «Դավիթը», ուրեմն հարկավոր է հոգ տանել այդ մասին։ Եթե նա երազում է մի նոր, արտասովոր ջութակի մասին, որը «կերգի» հրեշտակի նման, պետք է օգնել այդ երազանքն իրագործելու։ Անհրաժեշտ է ազատել նրան չքավորությունից։ Պետք է պաշտպանել նրան կոպիտ, գռեհիկ, ձանձրացնող մարդկանցից։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի նա, Լեոնարդո դա Վինչիի պես, ողջ կյանքում փնտրի իր կոչումին պատշաճ վաստակ։ Նա չպետք է պայքարի պարտքերի դեմ Ռեմբրանդտի, Բեթհովենի, Գոգոլի ու Դոստոևսկու նման։ Չի կարելի հաշտվել այն բանի հետ, որ նրան, Շոպենի նման, ժամանակից շուտ գերեզման իջեցնեն չքավորությունն ու սովը։ Ընդհակառակը, պիտի պաշտպանել և հարթել նրա կյանքի ճանապարհը, որպեսզի կարողանա ազատորեն տրվել սեփական ոգևորությանը, կերտել իր լավագույն ստեղծագործությունները, արտասանել սեփական տեսիլքները հավիտենության համար։ Որովհետև այդպիսի մարդու մեջ հիրավի հոսում է Աստծո հեղեղը, իսկ նրա երգերին ականջ են դնում հրեշտակները։
Արիստոտելն ասել է` մարդն «ի ծնե ազատ է» այն դեպքում, եթե ունի սեփական մտքեր։ Նա պահանջ ունի «ազատ ժամանակի»` հասունացնելու իր ստեղծագործական գաղափարները։ Հասկանալի է, որ խոսքը ոչ թե հասարակ մտքերի մասին է, այլ գաղափարների, ըմբռնումների, որոնք ընկալվում են հոգու աչքով ու լսողությամբ` տիեզերքի բուն էությունից։ Հասարակ մարդն իր պարապությունը լցնում է կամ ոչինչ չանելով, կամ զվարճություններով ու հաճույքներով։ Ստեղծագործողի ազատ ժամանակը նվիրված է կենտրոնացած հայեցմանը, լարված աշխատանքին։ Տրվելով սեփական «պարապությանը»` ստեղծագործող մարդը հեռացնում է ոչ էական, մեխանիկական ու պատահական բաները, որպեսզի ապրի միայն էականով և անհրաժեշտով։ Նա ապրում է ոչ ցրված, ոչ էլ զվարճանալով, այլ կենտրոնացած։ Նա ազատում է ինքն իրեն բոլոր կողմնակի քմայքներից։ Նա ընկղմում է սեփական հայացքը «ներքինի» մեջ, խորքի մեջ, բայց ոչ թե սեփական ապրումների, հիշողությունների ու երևակայական տարածությունների մեջ, այլ առարկայական գոյության ոլորտը, որպեսզի ըմբռնի նրա էությունը, որպեսզի պահի այն և արտահայտի ճիշտ և ճշգրիտ ձևով։ Հենց այդ պատճառով շրջապատին թվում է, թե նա «բացակայում է» ու չի տեսնում ամենամերձավորին։ Մինչդեռ, դա միայն նշանակում է, որ նա ներկա է ինչ-որ այլ «տեղերում»։ Նրան հաճախ համարում են «երազող» և դասում են «ցնորված պոետների» շարքին։
Նա, կարծես, ազատ է, սակայն այդ ազատությունը ծառայում է նրան, որպեսզի կարողանա ըմբռնել «ներքին անհրաժեշտությունները» և հետևել դրանց պահանջներին։ Նա չի կարող հորինել ինչ-որ կամենա, նրան տրված չէ ինքնակամորեն գյուտարարությամբ զբաղվել կամ «կերտել» ըստ սեփական հայեցողության։ Նա պետք է ականջ դնի` «զննի» և «ուշադրությամբ լսի»։ Նա կոչված է սուզվելու առարկայի մեջ այնքան ժամանակ, մինչև առարկան համակի նրան։ Այդ ժամանակ նա առարկայի իշխանության տակ է, տեսնում է առարկան միանգամայն ակնհայտ։ Այդ վիճակում նա պետք է մնա այնքան ժամանակ, մինչև առարկան ուզի խոսել նրա միջոցով, իսկ նա զգա իրեն որպես սեփական առարկայի «գործիքը», կարծես ապրելով նրա «զարկերակով» և «շնչով»։ Այդժամ նա իրավունք կստանա վերապրած բովանդակությունն արտահայտելու սոնետի, վեպի, սոնատի, քանդակի, նկարի, հետազոտության, փիլիսոփայական «նկարագրության», աստվածաբանական տրակտատի, քարոզի, նոր օրենքի կամ հասուն, ողջամիտ արարքի ձևով։ Եվ այդ ժամանակ նրա ստեղծագործությունը կծնվի «իր միջոցով», այլ ոչ թե «իր միջից»։ Նա դառնում է սեփական առարկայի «սրինգը», նրա միջնորդը։ Նրա մեջ լսելի է Աստծո տավիղը։
Անօգնական ենք մենք այս երկրային մթնշաղի մեջ։ ՈՒ շատերը, թերևս, բոլորովին էլ չգիտեն, որ անօգնական են, ու որ իրենց օգնություն է պետք։ Նրանք չեն փնտրում ու չեն ձգտում հասնել բարձրագույնին։ Մինչդեռ ստեղծագործող մարդիկ կարող են նրանց օգնել։ Ավելին, ստեղծագործ մարդն անդադար պիտի օգնի, չհարցնելով` արդյոք կա՞ն օգնություն խնդրողներ, և ովքե՞ր են նրանք, ու որտեղ։ Նրանք կոչված են զննելու, հասունացնելու և տալու, նրանք պետք է պատրաստեն սեփական ընծաները և նվիրեն, արձակեն սեփական ճառագայթները` լինելով ո՛չ հրավիրյալ, ո՛չ խնդրված, հաճախ մերժված ու արտաքսված, նույնիսկ քարերով ծեծված։ Առաջին ճառագայթը միշտ անհանգստացնում է լուսավորվածին, երկրորդը` զայրացնում է նրան, երրորդը` վիրավորում, և հաճախ միայն չորրորդն է, որ արթնացնում է, և այդ դեպքում արդեն հաջորդ ճառագայթները ջերմացնում են ու բժշկում։ Իսկ նա, ում սպանեցին քարկոծելով` լուսավորում է, ջերմացնում ու բժշկում նույնիսկ մահից հետո։
Կա մի առանձնահատուկ հատկանիշ, որով կարելի է ստուգել սեփական առարկայությունն ու ճանաչել ուրիշինը։ Դա կյանքային բովանդակությունների յուրատեսակ նոր կապն է, այն ներքին անհրաժեշտությունը, որն ի հայտ է գալիս տեսածի, ապրածի, զգացածի մեջ, կազմելով միասնական մի ամբողջություն։ Ստեղծագործողը, ով հայտնաբերել է այդ կապը, լավ գիտի, որ ինքը չի ստեղծել այդ նոր կառույցը, ինքը չի հորինել այն, այլ միայն գտել է, որպես արդեն օբյեկտիվ լինելություն։ Նա զարմացել է, գտնելով այն, ու ամբողջ կյանքի ընթացքում հրճվել սեփական «հայտնագործությամբ»։ Այդ պատճառով էլ նրա մեջ ապրում է նաև զգացողությունը, որ ինքը չի «ստեղծել», այլ միայն «վերարտադրել է», զննելով հայեցմամբ ու նկարագրելով առարկան։ Նրա մեջ մնում է զգացողությունը, որ փնտրվողն ու գտնվածը գոյություն են ունեցել հնագույն ժամանակներից, թերևս, հավիտյան, ու այն, ինչը նա տեսել ու արտահայտել է, ընդամենը նորից գտնվածն է և ի հայտ է եկել միայն նոր զգեստով։ Դա հենց այն զգացողությունն է, որը ստիպել է Պլատոնին («Մենոն» երկխոսության մեջ) ընդունելու, որ գոյություն ունի գաղափարների աշխարհ, և որն այդ պահից կոչվում է նրա անունով` «Պլատոնի հայեցում»։ Սակայն նա, ով ուշադիր է կարդում մարդկային հոգու մեծագույն գիրքը, կգտնի «վաղեմի լինելության» ու «նորովի տեսնելու» այդ զգացողությունը գրեթե յուրաքանչյուր մեծ պոետի, հետազոտողի և փիլիսոփայի մեջ։
Իսկ մենք, որոնց թույլ է տրված մոտենալ այդ ստեղծագործություններին, ճշմարտություններին և արարքներին, ըմբռնել դրանք և խնդությամբ լցվել դրանցից, մենք հաճախ հաղորդակցվում ենք «նորոգված հնությանը» կամ «վաղեմիին` նոր զգեստների մեջ», և հաստատում ենք այն։ Մեզ տիրում է «հնագույն իմաստության», «հիասքանչ անհրաժեշտության» խաղաղ և խորագույն զգացումը։ Այդ ժամանակ հոգու, ոգու և սրտի լիության պատճառով այդ նոր գտնված և անվիճելի առարկայական բովանդակությանն ասում ենք մեր ընդունող «այոն», ու երջանկության զգացումը համակում է մեզ։ Երջանկություն, որ մեզ տրված է եղել այդ տեսնելու և հաստատելու։
Պատկերավոր ձևով դա կարելի է նկարագրել այսպես։ Երբ Աստծո ստեղծագրծ գաղափարները ցած են իջնում Նրա հավիտենական գրկից մեղավոր աշխարհի քաոսի մեջ, նրանք որսում են խռովության փոթորկոտ հորձանքը, աղավաղում դրանց կատարելությունը և քրքրում հմայիչ ամբողջությունը։ ՈՒստի ի հայտ է գալիս պատվավոր առաջադրանքը` հասկանալ այդ գաղափարներից յուրաքանչյուրն ամբողջության մեջ և վերականգնել այն կատարյալ տեսքով։ Ըստ եգիպտական դիցաբանության` ինչ-որ ժամանակ Իզիդան աշխարհում փնտրում էր այն տասնչորս մասերը, որոնց վրա պատառոտել էին իր ամուսնու` Օզիրիսի մարմինը։ Եվ ահա, գտնելով և միմյանց միացնելով դրանք, նա չի ստեղծում նրա մարմինը, այլ միայն վերականգնում է այն իր նախնական գեղեցկությամբ։ Այդ պատճառով ամեն մի ստեղծագործող մարդու կարելի է համեմատել փնտրող Իզիդայի հետ` նա չի ստեղծում, այլ միայն վերստեղծում է Աստծո գաղափարը և լցվում է խնդությամբ` Աստծո միտքը հասկանալու հնարավորության համար, ճիշտ ընկալելու «Աստվածային Օրենքը» և իրագործելու այն։ Նրան լույս է տալիս որոնելի մեծության ամբողջական կերպարը, նրան առաջ է մղում սերն աստվածայինի նկատմամբ, նա ստուգում է ինքն իրեն այն բարձրագույն անհրաժեշտությամբ, որը բացվում է նրան ոգու մեջ։ Նա զմայլվում է Հավիտենականի վերստեղծումով, ուրախանում է` զգալով Աստծո փառավորության արտացոլքը սեփական ստեղծագործության մեջ։
ՈՒ հենց այդ պատճառով ստեղծագործողը բոլորից լավ գիտի, թե ինչ է ինքը ստեղծում` Աստծո գաղափարը վերակենդանացնելով։ Եվ նա անընդհատ ու լարված բարձրացնում է իր հայացքը առ Աստված։

Հրապարակման պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 13258

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ